ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման հարցերի շուրջ խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ-ում
15 հունիսի, 2017Հունիսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեցին «ԱՊՀ տնտեսական համագործակցության զարգացման հարցերի շուրջ» խորագրով խորհրդակցություններ, որին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների, ինչպես նաև՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:
Նիստը նախագահում էր ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության վարչության գիտատեխնիկական համագործակցության և նորարարությունների բաժնի պետ Տիմուր Մանսուրովը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, տնտեսական աճին, զբոսաշրջության զարգացման ռազմավարությանը, ինչպես նաև տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև ԱՊՀ շրջանակներում տնտեսական բաղադրիչի ամրապնդմանն ուղղված աշխատանքների հետագա ակտիվացման և տնտեսական համագործակցության հարցերով պարբերական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտության հարցերին:
Նիստի ավարտին նախագահողի կողմից ստորագրվեց «ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման հարցերի շուրջ» խորագրով ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների արձանագրությունը: