ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ

06 հունիսի, 2017

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի, Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիի, Հայաստանի հարցերով պատասխանատու Թեդ Մասիի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռաֆիկ Մանսուրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարներին:

Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը ձգտում է օտարերկրյա պետությունների հետ իր հարաբերություններում շեշտը դնել հիմնականում անվտանգությանն ու տնտեսությանը վերաբերող հարցերի վրա:

Դեսպան Հովհաննիսյանը հատկապես կարևորեց ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը` հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում այդ բնագավառում արձանագրված առաջընթացը:

Տպել էջը