Գրական-երաժշտական երեկո Լիբանանում ՀՀ դեսպանությունում

03 հունիսի, 2017

Հունիսի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Հայ կաթողիկե համալսարանականների միության կազմակերպմամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում ցուցադրվեցին գյումրեցի արվեստագետ Սարգիս Սարգսյանի ընդօրինակված ձեռագիր մատյանները, երաժշտական կատարումներով հանդես եկան սրնգահարներ Գևորգ Քեշիշյանը և Ալեն Տատարուն (Ռումինիա), հնչեցին Բեթհովենի, Բախի, Շահրուդիի և Գոդոյանի, Ալեքսանդրյանի, Մելքոնյանի ստեղծագործությունները:

Միջացառմանը, որին ներկա էին հոգևոր, քաղաքական, մշակութային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, բացման խոսքով հանդես եկավ ՀԿՀՄ ատենապետ Արամ Կարադաղլյանը, ով բարձր գնահատեց Սարգիս Սարգսյանի ստեղծագործական արվեստը։

Միջոցառմանն ամփոփիչ խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով գաղափարի մտահղացման և իրագործման համար շնորհակալություն հայտնեց Հայ կաթողիկե համալսարանականների միությանը։

Դեսպանը փաստեց, որ մատենագրությունը և հոգևոր երաժշտությունը հայ ժողովրդի մշակութային ժառանգության, հայկական ինքնության կարևոր և անբաժանալի մասն են կազմում, և հայ ժողովուրդը, իր պատմության ընթացքում արարելով հավերժական արժեքներ, դրանք ժառանգություն է թողել ոչ միայն իր սերունդներին, այլ նաև համայն մարդկությանը։

Դեսպանը շեշտեց, որ շնորհիվ Սարգիս Սարգսյանի մենք կարողանում ենք անմիջականորեն հաղորդակցվել ձեռագիր մատյաններին։ Նա ընդգծեց, որ պետք է քաջալերել արվեստագետին, ով մեր բազմադարյա գրչարվեստին հաղորդում է նոր շունչ, նպաստում դրա հանրայնացմանն ու պահպանմանը: Դեսպանն առանձնակի գնահատեց նաև սրնգահարների բարձր կատարողական արվեստը։

Միջոցառման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալագրեր հանձնեց Արամ Կարադաղլյանին, Սարգիս Սարգսյանին, Գևորգ Քեշիշյանին և Ալեն Տատարուին։

Տեղեկանք. Իր 20-ամյա գործունեության ընթացքում Ս. Սարգսյանն ընդօրինակել է 17 ձեռագիր մատյան՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն», «Տաղ ծննդի» գլուխգործոցները, Ղուկասի, Մարկոսի, Մատթեոսի Ավետարանները և այլ ձեռագրեր։ Հեղինակը, ուսումնասիրելով Սարգիս Պիծակի, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Մլիճեցու և այլ միջնադարյան ծաղկողների մանրանկարչական արվեստը, կարողացել է ընդօրինակել նաև էջեր վերջիններիս գործերից։ Սարգիս Սարգսյանը ձեռագիր մատյաններն ընդօրինակելիս օգտագործում է գրեթե նույն նյութերը, նույն ձևը, ոճը և գրագրությունը, ինչ գործածել են մեր մատենագիրները, մանրանկարիչները դարեր առաջ։

Տպել էջը