Դեսպան Սահակյանի աշխատանքային այցը Ղազախստանի Ակտյուբինսկի մարզ

20 մայիսի, 2017

Մայիսի 19-ից 20-ը Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը երկօրյա այց կատարեց Ղազախստանի Ակտյուբինսկի մարզ:

Այցի առաջին օրը դեսպան Սահակյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցեց «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնի համերգասրահում Առնո Բաբաջանյանին նվիրված անդրանիկ մրցույթին, որը ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին «Ուրարտու» ՀՄԿ-ն և «Արվեստի ակադեմիա» թատրոն-ստուդիան: Մրցույթի մասնակիցները հանդես եկան դաշնամուրի և ջութակի համար Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունների և երգերի կատարումներով:

Շնորհակալություն հայտնելով մրցույթի բոլոր մասնակիցներին և շնորհավորելով դափնեկիրներին` «Ուրարտու» ՀՄԿ-ի նախագահ, ձեռնարկատեր, բարերար Հայկ Տերտերյանը հայտնեց, որ մրցույթը կդառնա ավանդական՝ անցկացվելով ամեն տարի:
Աշխատանքային այցի երկրորդ օրը դեսպանը հանդիպեց Ակտյուբինսկի մարզպետ (ակիմ) Բերդիբեկ Սապարբաևի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը և ակիմը ներկայացրեցին իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, քննարկեցին առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայ համայնքի մշակութային ու կրթական կյանքին առնչվող հարցեր:

Այցի արդունքներով դեսպան Սահակյանը հարցազրույց տվեց մարզի գլխավոր հեռուստաընկերությանը:

Դեսպանի այցը և Առնո Բաբաջանյանին նվիրված մրցույթը լայնորեն լուսաբանվեցին տեղի լրատվամիջոցներով:

Տպել էջը