Հայ-սիրիական գործարար խորհրդի հիմնադրման 8-ամյակին նվիրված միջոցառում Դամասկոսում

04 մայիսի, 2017

Մայիսի 4-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայ-սիրիական գործարար խորհրդի հիմնադրման 8-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանը, Սիրիայի Ժողովրդական ժողովի բազմաթիվ պատգամավորներ, Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական գրծիչներ, լրագրողներ, մտավորականներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ով, մասնավորապես, ընդգծեց անցած ութ տարիների ընթացքում Հայ-սիրիական գործարար խորհրդի ներդրումը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում:

Դեսպան Փոլադյանը Հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքիին հանձնեց ՀՀ Նախագահի «Երախտագիտություն» մեդալը:

Լևոն Զաքին իր հերթին շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի համար՝ նշելով, որ Հայ-սիրիական գործարար խորհուրդը համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեծ ճանապարհ է անցել:

Միջոցառմանը ելույթ ունեցան Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանը և Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Նաբիլ Տոմեն, ովքեր կարևորեցին Խորհրդի ներդրումը երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման գործում:
 

Տպել էջը