Հայաստանի օրվան նվիրված միջոցառում Բուենոս Այրեսի գրքի միջազգային փառատոնի շրջանակներում

03 մայիսի, 2017

Մայիսի 1-ին Բուենոս Այրեսում ընթացող Գրքի 43-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը։

Արգենտինայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին շուրջ 2000 հանդիսական: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը:

Իր ելույթում ՀՀ դեսպանը հանդիսատեսին ներկայացրեց Հայոց այբուբենի ստեղծման պատմությունը, դրա գիտական և մշակութային նշանակությունը՝ անդրադառնալով հայ գրականության ոսկե դարաշրջանին, միջնադարում Վենետիկում հրատարակված առաջին հայալեզու գրքին, ինչպես նաև հայ գրահրատարակչության հետ կապված այլ ուշագրավ փաստերին:

Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ «Մասիս», «Նարեկ», «Նաիրի» և «Գայանե» պարախմբերը, ինչպես նաև արգենտինահայ երգչուհիների կատարմամբ հնչեցին հայկական ժողովրդական ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Տեղեկանք. Բուենոս Այրեսի Գրքի 43-րդ միջազգային ցուցահանդեսը բացվել է ապրիլի 27-ին և շարոնակվելու է մինչև մայիսի 15-ը:
 

Տպել էջը