ԵՊՀ պատվիրակության այցը Պրահա
27 ապրիլի, 2017Ապրիլի 26-27-ին Երևանի Պետական Համալսարանի և Չեխիայի Հանրապետության Կարլի համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում` Կարլի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Տոմաշ Զիմայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով Պրահայում էին գտնվում Երևանի Պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը և պրոռեկտորի տեղակալ, ԵՊՀ միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը: Հայկական կողմից հանդիպումներին մասնակցեցին նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։
Ողջունելով հյուրերին ռեկտոր Զիման հակիրճ ներկայացրեց իր ղեկավարած համալսարանի պատմությունը, որը հանդիսանում է Եվրոպայում ամենահին և հեղինակավոր համալսարաններից մեկը: Ռեկտոր Զիման չափազանց կարևորեց ԵՊՀ հետ գոյություն ունեցող համագործակցության հուշագիրը, ինչպես նաև Կարլի համալսարանում հայագիտական առարկաների դասավանդումը:
Պրոֆեսորներ Սիմոնյանն ու Մարկարովն իրենց հերթին ներկայացրեցին ԵՊՀ նոր ծրագրերը, ինստիտուտներն ու դպրոցները, կարևորեցին չեխական բուհերի հետ համագործակցությունը՝ ընդգծելով որ անհրաժեշտ է այն լրացնել կոնկրետ բովանդակությամբ և մշակել աշխատանքային ծրագրեր տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով։ Մասնավորապես առաջարկվեց որպես չեխական համալսարանում գոյություն ունեցող հայագիտական առարկաների դասավանդմանը փոխադարձ քայլ Հայաստանում հիմնել չեխերենի մասնագետների պատրաստման ծրագիր։ Հայկական կողմն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց ԵՊՀ նորաստեղծ դեղագործական ինստիտուտի վրա, որը յուրօրինակ ինովացիոն կենտրոն է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում:
ԵՊՀ պատվիրակությունը նաև հանդիպումներ ունեցավ Կարլի համալսարանի Արվեստների ֆակուլտետի արտաքին հարաբերությունների գծով դեկանի տեղակալ Եվա Վոլդրիխովա-Բերանկովայի և արևելաեվրոպական լեզուների ամբիոնի վարիչ դոկտոր Մարեկ Պրիհոդայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսանողների փոխանակման, ամառային դպրոցների, ամբիոնների և ինստիտուտների միջև համագործակցության , Կարլի համալսարանում վերաբացված հայագիտական առարկաների դասավանդման և մի շարք այլ հարցեր։
Այցն ավարտվեց Փիլիսոփայության ֆակուլտետի գրադարանի՝ հայկական բաժնի հանդիսավոր բացման արարողությամբ: Գրադարանի շուրջ երկու հազար՝ Հայաստանին և հայերին վերաբերող, տարբեր լեզուներով հրապարակված գրքեր Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ երեք տարվա ընթացքում համակարգվել են և էլեկտրոնային եղանակով գրանցվել: Հանդիսավոր բացմանը մասնակցեցին նաև Արվեստների ֆակուլտետի դեկան Միրիամ Ֆրիդովան և գրադարանի տնօրենը։
Տեղեկանք․ Կարլի համալսարանը հիմնադրվել է 1348թ.-ին, ունի 17 ֆակուլտետ և մի շարք ինստիտուտներ, հետազոտական, մասնագիտական, կրթական կենտրոններ: Համալսարանում սովորում են ավելի քան 53.000 ուսանող, որոնցից 7.000-ն՝ արտերկրներից: Կարլի համալսարանը համագործակցում է և բազմաթիվ ծրագրեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ: