Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայում

24 ապրիլի, 2017

Ապրիլի 23-ին Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալների մայր տաճարում, Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ 

Արքեպիսկոպոս Վիրբալասն իր խոսքում նշեց. «Այսօր հիշատակում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 102-րդ տարելիցը, երբ ոչնչացվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր և այլ քրիստոնյաներ: 20-րդ դարում մարդկությունն ապրեց ևս երկու մեծագույն ողբերգություն` նացիզմ եւ ստալինիզմ»: Արքեպիսկոպոսը նշեց, որ այսօր ևս այն տարածքներում, որտեղ նահատակվեցին հայերը, այլ քրիստոնյաներ ու կրոնական փոքրամասնություններ են ենթարկվում սպանդի: Արքեպիսկոպոսը հիշատակեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2016 թ-ին Հայաստան կատարած պատմական այցի ընթացքում հնչեցրած ուղերձները:

Պատարագի ընթացքում ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այժմ դիտարկվում է որպես այլ ցեղասպանությունների կանխարգելման հիմնական միջոցներից մեկը: «Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է և զոհերին ոճրագործների հետ հավասարեցնելու փորձեր են կատարվում, մարդկությունը ցեղասպանությունների կրկնության սպառնալիքի առջև է կանգնած», նշեց դեսպան Մկրտչյանը։

Մեջբերելով Հռոմի Բենեդիկտոս XV-րդ Պապի 1915 թ․ հնչեցված խոսքերը հայերի ոչնչացման փորձի մասին, դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությանը զոհ են դարձել նաև 48 հայ եպիսկոպոսներ եւ 4500 քահանաներ, իսկ ցեղասպանությունից հետո ավելի քան 2200 հայկական եկեղեցիներ կողոպտվել և կործանվել են, ինչը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

«102 տարի է անցել երկրի երեսից հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել և արարել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները», նշեց դեսպան Մկրտչյանը:

Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես եկավ աղոթքով: Պատարագի ընթացքում հնչեցին հայկական հոգևոր երգեր։

Նույն օրը տաճարում և արքեպիսկոպոսարանի տարածքում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության հետ միասին կազմակերպած հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտո-ցուցահանդես, որը կտևի շուրջ մեկ ամիս։ Ցուցադրության են ներկայացվել 8-15-րդ դարերի հայկական եկեղեցիների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ, որոնք կատարվել են «Արմենպրես» գործակալության կողմից իր շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում:

Ապրիլի 24-ին Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Վիլնյուսի հայերի միության և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի կողմից՝ Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Արարողությանը ներկա էին Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի տնօրեն Թերեզա Բուրաուսկայտեն և Ցեղասպանության թանգարանի տնօրինությունը, Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխնախագահ Սիմոնաս Գենտվիլասը, Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը, հայ և լիտվացի հասարակական-քաղաքական գործիչներ։

Հիշատակի արարողության սկզբում Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես եկավ աղոթքով։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն, անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման գործում կրթության ու հանրային իրազեկման դերին, նշեց, որ սերունդները պետք է տեղյակ լինեն անցյալի ողբերգությունների, անցյալի ցեղասպանությունների մասին: Նա ընդգծեց, որ ժխտողականությունն անպատժելիության հետ մեկտեղ ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար և որ ժխտումն ինքնին ցեղասպանության շարունակություն է: Դեսպանը նշեց նաև «Այլևս երբեք» կարգախոսի համատեքստում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Սիմոնաս Գենտվիլասն իր ելույթում հիշատակեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ դեռևս 2005թ․ Լիտվայի Սեյմասի կողմից ընդունված բանաձևը և նշեց, որ պետք է մշտապես խոսել ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների մասին, քանի որ մեր օրերում ահագնացող տեմպերով աճում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, որը կարող է վաղ թե ուշ վերաճել փոքրամասնությունների նկատմամբ բռնության և խտրականության։

Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի տնօրեն Թերեզա Բուրաուսկայտեն իր ելույթում նշեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման փորձը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որևէ արդարացում չունի: Նրա խոսքերով Հայոց ցեղասպանությանը պատշաճ արձագանքի և գնահատականի բացակայությունը նպաստել է այլ ցեղասպանությունների իրականացմանը։ Թերեզա Բուրաուսկայտեն ընդգծեց, որ պետք չէ բավարարվել միայն անմեղ զոհերի հիշատակի առջև խոնարհվելով, այլ պետք է զգոն լինել և պատասխանատվություն ստանձնել նմանօրինակ հանցագործությունները անպատիժ չթողնելու և մարդկային նոր զոհեր թույլ չտալու համար:

Ելույթով հանդես եկավ Հայաստանի գրողների միության անդամ, նշանավոր գրող Վահագն Գրիգորյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց մերօրյա Թուրքիայում ժխտողականության քաղաքականության, հակահայկական դրսևորումների վրա։ Հնչեցին նշանավոր հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի բանաստեղծությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն։

Տեղեկանք. Լիտվայի նախկին մայրաքաղաք և իր մեծությամբ երկրորդ քաղաք Կաունասի Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս Առաքյալների մայր տաճարի կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն գրավոր աղբյուրներում այն սկսել է հիշատակվել է 15-րդ դարից: Այն կառուցված է գոթական ոճով և իր չափով համարվում է Լիտվայի ամենամեծ տաճարը: 

Տպել էջը