Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեխիկոյում

23 ապրիլի, 2017

Ապրիլի 23-ին Մեխիկոյի «Հայկական ժամ» անունը կրող հուշարձանին հարող հրապարակում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որի ընթացքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում։

Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ներկաների առջև խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պատմության ու գործընթացի մասին։

Ելույթներով հանդես եկան Մեխիկոյի Հիշատակի և հանդուրժողականության թանգարանի ներկայացուցիչ Սոնյա Առաքելյանը և Միչիոական նահանգի հայ համայնքի ներկայացուցիչ Ժակ Սահակյանը։

Նրանք ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում համատեղ աշխատանքի և միասնականության կարևորությունը։ Ձեռնարկին ներկա էին Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղացիներ, լրագրողներ։ Միջոցառման ավարտին հայ և մեքսիկացի երաժիշտներից բաղկացած քառյակը հանդես եկավ հայկական դասական կատարումներով։

Ապրիլի 24-ին Մեքսիկայի հեղինակավոր «El Universal» պարբերականում հրապարակվեց դեսպան Արա Այվազյանի «Հայոց ցեղասպանությունը, 102 տարի անց» խորագրով հոդվածը։  

Տպել էջը