Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Թևեր» կինոփառատոնին
26 մարտի, 2017Մարտի 21-ից 26-ը Բուխարեստում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱՊՀ երկրների «Թևեր» կինոփառատոնը, որին մասնակցեցին Ռումինիայում Հայաստանի, ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանությունները՝ ներկայացնելով իրենց երկրների կինոարվեստը: Կինոփառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնկացում էր նաև Ռումինիան:
Փառատոնի շրջանակներում ՀՀ դեսպանությունը ներկայացրեց իտալացի նշանավոր կինոգործիչ Տոնինո Գուերայի մասին պատմող «Հրաշագործի աշունը» վավերագրական ժապավենը, ինչպես նաև Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» և Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերը:
Միաժամանակ ռումինական կողմը ներկայացրել էր TVR հեռուստաընկերության թողարկած «Պատումներ Ռումինիայում ազգային փոքրամասնությունների մասին» վավերագրական ֆիլմաշարի երկրորդ թողարկումը, որտեղ ծավալուն անդրադարձ էր կատարվում հայ ժողովրդին, ռումինահայ համայնքին ու նշանավոր ռումինահայերին, Ռումինիայի հասարակական և քաղաքական կյանքում նրանց դերակատարությանը:
Փառատոնին ցուցադրվեց նաև ՌԴ դեսպանության ներկայացրած Սպիտակի 1988թ. աղետալի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ռուս-հայկական համատեղ արտադրության ֆիլմը:
Նախքան հայկական ֆիլմերի ցուցադրությունը, անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի պատմությանը, մշակույթին, խորհրդանիշներին, ինչպես նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
Կինոփառատոնի փակման արարողությանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, ով շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին հիանալի նախաձեռնության համար և հանդիսատեսին փոխանցեց 1988թ. երկրաշարժի վերաբերյալ ականատեսի իր հիշողությունները: