Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Նախագահին

23 մարտի, 2017

Մարտի 23-ին Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մալթայի Նախագահը խնդրեց իր ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և անդրադարձ կատարեց երկու երկրների պատմական առնչություններին:

Դեսպան Բաղդասարյանն, իր հերթին Մալթայի Նախագահին փոխանցելով ՀՀ Նախագահի ողջույնները, հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր կներդնի հայ-մալթական երկկողմ հարաբերությունների խթանման և ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մալթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մալթա կատարած այցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաև Մալթայի արտաքին գործերի նախարար Ջորջ Վելայի և Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անգլու Ֆարրուջայի հետ: 

Տպել էջը