Դեսպան Վարդանյանի այցը Վիետնամի Հայֆոն քաղաք
19 մարտի, 2017Մարտի 19-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն այցելեց Վիետնամի Հայֆոն քաղաք, որտեղ հանդիպեց Հայֆոնի քաղաքային կոմիտեի նախագահի տեղակալ, Հայֆոնի քաղաքապետ Լե Թան Սոնին, Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Տուանին (Ն.Վ. Տուանը նախկինում երկար տարիներ եղել է Հայֆոնի քաղաքային խորհրդի նախագահը) և խմբի անդամներին, տեղի գործարարներին, Վիետնամում ՀՀ պատվավոր հյուպատոս Չան Դան Տուանին, ինչպես նաև այցելեց Հայֆոնի նավահանգիստ և Դին Վու արդյունաբերական ազատ գոտի:
Հայֆոնի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում քաղաքի ղեկավարության հետ։ Դեսպան Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց հաստատուն զարգացող հայ-վիետնամական հարաբերությունները, ինչպես նաև շնորհավորեց հավաքվածներին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի կապակցությամբ: Կարևորվեց նաև Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի ջանքերը երկու երկրների միջև կապերի սերտացման գործում:
Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունն ավելացնելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն ու փոքր և միջին բիզնեսների համագործակցությունը խթանելու նպատակով դեսպան Վարդանյանն առաջարկեց 2017թ-ի ընթացքում Հայֆոնում կամ Հայաստանում կազմակերպել հայ-վիետնամական գործարար ֆորում, ինչպես նաև սկսել Հայֆոնը՝ Հայաստանի քաղաքներից մեկի հետ համագործակցության հուշագրի ստորագրման գործընթացը, որը գոհունակությամբ ընդունվեց քաղաքի իշխանությունների կողմից:
Տեղեկանք․ Հայֆոնը Հոշիմինից հետո Վիետնամի ամենախոշոր նավահանգիստն է և համարվում է Վիետնամի արագ զարգացող տնտեսության կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղկայված են արդյունաբերական և լոգիստիկ ազատ գոտիներ: