Դեսպան Սմբատյանի այցը Գերմանիայի Սաքսոնիա երկրամաս
09 մարտի, 2017Մարտի 9-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Գերմանիայի Սաքսոնիա երկրամաս, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրամասի վարչապետ Ստանիսլավ Թիլիչի, Մշակույթի և լուսավորության նախարար Բրունհիլդ Քուրթի և Դրեզդենի մշակույթի և զբոսաշրջության հարցերով քաղաքապետ Աննեկատրին Կլեպշի հետ:
Սաքսոնիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում դեսպան Սմբատյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Արցախյան հիմնահարցի շուրջ ծավալվող իրադարձություններն ու պաշտոնական Բաքվի ապակառուցողական գործելաոճը, Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս մակարդակը, Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ և այլ հարցեր:
Ստանիսլավ Թիլիչը գոհունակությամբ է հիշել 2008թ. Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային օլիպմիադայի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը:
Դեսպանն առանձնահատուկ ընդգծել է մշակութային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի և Սաքսոնիա երկրամասի միջև համագործակցության ծավալման անհրաժեշտությունն ու այդ երկրամասում ՀՀ տնտեսական և մշակութային ներուժի օգտագործման կարևորությունը:
Բրունհիլդ Քուրթի և Աննեկատրին Կլեպշի հետ հանդիպումների ընթացքում դեսպան Սմբատյանը քննարկել է մշակույթի, զբոսաշրջության, ինչպես նաև ուսումնական ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներն ու առկա հնարավորությունները:
Տեղեկանք. Դրեզդենի քաղաքային իշխանության կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով՝ Դրեզդենի քաղաքապետի առաջին տեղակալը ևս անվանվում է քաղաքապետ։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Աննեկատրին Կլեպշը, ով համակարգում է մշակույթի և զբոսաշրջության ոլորտները։