Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև

24 փետրվարի, 2017

Փետրվարի 24-ին Հունաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, հունական կողմից` Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Պետրոս Մավրոիդիսը: Խորհրդակցություններին մասնակցեց նաև Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:

Ողջունելով հայկական կողմին և շնորհավորելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ` հունական պատվիրակության ղեկավարը կարևորեց երկու երկրների միջև առկա քաղաքական կապերի ավանդական բարձր մակարդակը: Պատասխան խոսքում Գագիկ Ղալաչյանը, շնորհակալություն հայտնելով զրուցակցին, ընդգծեց, որ Հունաստանը համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներ երկրներից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարվեց քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական համագործակցությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրներին, այս համատեքստում Գագիկ Ղալաչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Տպել էջը