Դեսպան Տեր-Ստեփանյանի դասախոսությունը Փարիզի սենատում
07 փետրվարի, 2017Փետրվարի 7-ին Փարիզի սենատում «Ֆրանկոֆոնիան Հայաստանում. հաջորդ գագաթաժողովի ճանապարհին» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Միջոցառումը կազմակերպել էր Փարիզի «Ռիշելյո Սանգոր» կազմակերպությունը:
Իր ելույթում դեսպան Տեր-Ստեփանյանն արժևորեց Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ունեցած ներդրումը, նրա ակտիվ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի ատյանների աշխատանքներին, ինչպես նաև ընդգծեց Հայաստանի գործունեությունն՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների տարածմանը տարածաշրջանում:
Այս համատեքստում դեսպանը նշեց, որ Հայաստանը հպարտ է, որ իր հարկի տակ է ընդունելու 2018թ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և պատրաստ է անել ամեն հնարավորը, որպեսզի այն կազմակերպվի ամենաբարձր մակարդակով:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կառավարիչ պարոն Ադամա Ուանը, Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Ֆրանսիայում Սենեգալի դեսպան Բասիրու Սենը, «Ռիշելյո Սանգոր» կազմակերպության նախագահ տիկին Ան Մարի Կորդելը, այլ դիվանագետներ:
Դասախոսության ավարտին ելույթներով հանդես եկան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կառավարիչն ու Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահը, որոնք շեշտեցին Հայաստանի կարևոր տեղն ու դերը Ֆրանկոֆոնիայի զարգացման և տարածման գործում:
Դեսպան Տեր-Ստեփանյանը նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: