Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում Բուխարեստում
05 փետրվարի, 2017Փետրվարի 5-ին Բուխարեստի Հայոց մշակույթի տանը` Դուդյան գրադարանում, Ռումինիայի Հայոց թեմը և Հայոց միությունը, ՀՀ դեսպանության հետ համատեղ, կազմակերպել էին Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը վարում էր Ռումինիայում հայտնի հրապարակախոս, գրող Պետրոս Խորասանջյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ով հակիրճ անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկախ Հայաստանի առաջին քայլերին, Հրանտ Դինքի կյանքին և գործունեությանը։
Ժամանակակից Թուրքիայում հանուն հայերի իրավունքների եւ ինքնության պահպանման հարցերում Հրանտ Դինքի պայքարին, Թուրքիայում դեռևս տիրող ազգայնական տրամադրություններին նվիրված ելույթներով հանդես եկան հիմնական բանախոս, պատմաբան Սորին Անտոխին, պրոֆեսոր Գաբրիել Անդրեեսկուն և Ռումինիայի Հայոց միության նախագահ, գրող Վարուժան Ոսկանյանը:
Նույն օրը Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին, որի ընթացքում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը հայրենիքին անմնացորդ նվիրվելու պատգամով դիմեց հավատացյալներին։
Այնուհետև, Ռումինիայի Հայոց թեմի, Հայոց միության և ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին։
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ռումինիայի բոլոր հայկական եկեղեցիներում: