Դեսպան Ղազարյանի հանդիպումները ԼՀ Սեյմի փոխնախագահի և ԼՀ տնտեսական զարգացման փոխնախարարի հետ

30 հունվարի, 2017

Հունվարի 30-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց ԼՀ Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ:

Հանդիպմանը դեսպան Ղազարյանն իր գոհունակությունը հայտնեց Լեհաստանի խորհրդարանում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման կապակցությամբ:

Դեսպանը նշեց, որ 2016 թվականն արդյունավետ տարի էր երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության առումով` շեշտելով ՀՀ ԱԺ փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների այցելությունները Լեհաստան և դրանց շրջանակներում տեղի ունեցած կարևոր հանդիպումներն ու մասնակցությունը Լեհաստանում կազմակերպված միջազգային միջոցառումներին:

ԼՀ Սեյմի փոխնախագահին ներկայացվեց Լեհաստանի Հայ համայնքի կազմավորման 650-ամյակի և հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ սպասվելիք միջոցառումները:

Ռիչարդ Տերլեցկին իր հերթին հույս հայտնեց, որ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունները հաստատուն քայլերով զարգացում կապրեն նաև հետագայում:

Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպեց նաև ԼՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Թադեուշ Կոչինսկու հետ։

Հանդիպմանը Էդգար Ղազարյանը շնորհավորեց նախարարի տեղակալին հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա հայ-լեհական առևտրատնտեսական կապերի ամրապնդման և զարգացման գործում:

Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաև երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններն ու ուղղությունները:

Դեսպան Ղազարյանը Թադեուշ Կոչինսկուն ներկայացրեց Հայաստանում ներդրումներ կատարելու բացառիկ հնարավորությունները, որը նաև պայմանավորված Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց 2017 թվականի ընթացքում Վարշավայում կայանալիք հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպական հարցերին:
 

Տպել էջը