Բաքվի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումիում
22 հունվարի, 20172017 թ. հունվարի 22-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Կիրակնօրյա պատարագի ավարտին, Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին:
Միջոցառմանը՝ անմեղ նահատակների հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Դիմելով ներկաներին` Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն անդրադարձավ 27-ամյա վաղեմության իրադարձություններին` ընդգծելով, որ Բաքվում հայ ազգաբնակչության կոտորածներն Ադրբեջանի կողմից, ի պատասան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումների, Արցախում և Ադրբեջանի հայաբնակ վայրերում կազմակերպած և իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության փուլերից մեկն են: Եղիշե Սարգսյանն ընդգծեց, որ տեղի ունեցած այդ վայրագությունները և ադրբեջանական ագրեսիան պետք է համապատասխան գնահատականի և դատապարտման արժանան միջազգային հանրության կողմից:
Միջոցառման ավարտին ծաղկեպսակներ զետեղվեցին Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի առջև: