Դեսպան Ղազարյանը մասնակցել է Վարշավայի համալսարանում կայացած տարեկան հանդիպմանը
19 հունվարի, 2017Հունվարի 19-ին Վարշավայի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը կազմակերպել էր առաջին կուրսի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումը Լեհաստանում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վարշավայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Մարչին Պալիսը և Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պյոտր Տարախան: Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման ձևաչափով հանդիպումները՝ վստահություն հայտնելով, որ դրանք կարող են շատ օգտակար լինել առաջին կուրսի ուսանողների համար:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով հանդես եկավ Հայաստանի մասին համառոտ զեկույցով՝ իր խոսքում մասնավորապես անդրադառնալով հայ ժողովրդի հազարամյա պատմությանը, քրիստոնեական հարուստ ժառանգությանը: Դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ 2017 թվականին լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնք վերահաստատում են հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Դեսպան Ղազարյանն ուսանողներին առաջարկեց առավել խորությամբ ծանոթանալ Հայաստանի պատմությանը և մշակույթին՝ միաժամանակ նշելով, որ այդ հարցում կարող են ակնկալել Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությունը։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ազգային խոհանոցի բարիքների հյուրասիրություն, որին առանձին տաղավարով մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպանությունը: