Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Կառավարման ազգային դպրոցի ունկնդիրների հետ

19 հունվարի, 2017

Հունվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լիբանանի Կառավարման ազգային դպրոց և հանդիպում ունեցավ դիվանագիտական դասընթացի ունկնդիրների հետ:

Հանդիպմանը մասնակցեցին նաև դպրոցի խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ժորժ Լաբակին և «Լիբանանի դիվանագիտական ծառայությունն ավարտած դեսպանների ասոցիացիայի» նախագահ Ասսեմ Ժաբերը:

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, անմիջական հարևանների հետ հարաբերությունները: Զուգահեռներ անցկացվեցին Հայաստանի և Լիբանանի անվտանգության միջավայրերի միջև:

Դեսպանը նաև անդրադարձավ դիվանագիտական ծառայությանը և դիվանագետի մասնագիտությանը բնորոշ առանձնահատկություններին, երկկողմ և բազմակողմ դիվանագիտության ընդհանրություններին և տարբերություններին:

Այնուհետև, պատասխանելով ներկաների հարցերին, դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության նպատակն ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքները, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը ՀԱԿՊ-ին և ԵԱՏՄ-ին, ԵՄ հետ համագործակցությունը, ԱՄՆ-ի հետ գործընկերային փոխգործակցությունը: 

Քննարկման թեմա դարձան նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ընթացող իրադարձությունները, սիրիահայ համայնքի վրա դրանց ազդեցությունը, երկրում խաղաղության հաստատման հեռանկարները: 

Տեղեկանք․ Վեցամսյա դասընթացները կազմակերպվում են դիվանագիտական ծառայության երիտասարդ անդամների համար Լիբանանի Կառավարման ազգային դպրոցում: Դասընթացները համակարգվում են «Լիբանանի դիվանագիտական ծառայությունն ավարտած դեսպանների ասոցիացիայի» կողմից, որը ներկայումս ունի 103 անդամ:
 

Տպել էջը