Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված միջոցառում Ստրասբուրգում

16 հունվարի, 2017

Հունվարի 16-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ ԵԽ քարտուղարության հետ համատեղ, Ստրասբուրգում կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը։

Հայկական կողմից միջոցառմանը մասնակցեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով հանդես եկավ բացման խոսքով։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին, ով ամփոփեց նիստի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ԵԽ անդամ պետությունների դեսպաններ, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչը, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ, դիվանագետներ։

Նիստին ներկայացվեցին Հայաստան-ԵԽ ԳԾ շրջանակներում իրականացված՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, ընտրական բարեփոխումներին, արդարադատության ապահովմանը, քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը և ձեռքբերումները։ Անդրադարձ կատարվեց նաև հետագա անելիքներին, ուրվագծվեցին ֆինանսավորման կարիք ունեցող առաջանային ծրագրերը։

Գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի կողմից գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը, ինչը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանում իրականացվող լայն ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում։

Նույն օրը Արփինե Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Տպել էջը