ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանի հանդիպումը Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ

10 հունվարի, 2017

Հունվարի 9-ին նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ՀՀ ԱԳՆ-ում ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, շարունակվող ոլորտային երկխոսությանը և այլ հարցերի: Պատգամավորի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը և զարգացման հեռանկարները:

Ընդգծվեց նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի հետևողական իրականացման ու դրանց հանդեպ գործադիր և օրենսդիր մակարդակներում մշտական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացման ու բանակցային գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համատեքստում երկուստեք կարևորվեց հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում և եվրոպական հանրային կարծիքում իրազեկվածության բարձրացումը:

Մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:

Տպել էջը