Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի Արքեպիսկոպոս Կարդինալ Կազիմեժ Նիչի հետ
13 դեկտեմբերի, 2016Դեկտեմբերի 13-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել Վարշավայի Արքեպիսկոպոս, Լեհաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Նորին Սրբություն Կարդինալ Կազիմեժ Նիչի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեհաստանի հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակի, եկեղեցու դերի կարևորությանը Սփյուռքում հայկական ինքնության պահպանության գործում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել լեհահայ համայնքի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:
ՀՀ դեսպանը հատուկ ընդգծել է համայնքային կառույցների և դեսպանության համագործակցության ամրապնդման կարևորությունը: Ներկայացնելով հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի առիթով կայանալիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները՝ դեսպան Ղազարյանը հատուկ ընդգծեց, որ Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցին կարող են առանցքային դերակատարություն ունենալ դրանց կազմակերպման հարցում:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի 2016թ․ հունիսին Հայաստան կատարած ուխտագնացության խորհրդին և դրա կարևոր նշանակությանը: