Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև

12 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, բելգիական կողմից` ԱԳՆ Արևելյան ու Հարավ-արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի բաժանմունքի տնօրեն Յոհան Ինդեկյոն:

Հայ և բելգիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվեց հայ-բելգիական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը:

Նույն օրը բելգիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերին։ Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը զրուցակիցներին ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Տպել էջը