Դեսպան Ղազարյանը մասնակցել է Կրակովի Յագելոնյան համալսարանի կողմից կազմակերպված համաժողովին
28 հոկտեմբերի, 2016Հոկտեմբերի 28-ին Լեհաստանի Կրակով քաղաքի քաղաքապետարանի Յոզեֆ Դիետլի անվան սրահում անցկացվեց «Հույսի կամուրջներ. Կրակովի ժառանգության դերը միջմշակութային երկխոսության կառուցման գործում` Համաշխարհային երիտասարդության օրերի օրինակով» խորագիրը կրող համաժողով: Վերջինս կազմակերպվել էր Կրակովի Յագելոնյան համալսարանի Միջմշակութային հետազոտությունների ինստիտուտի և «Յագելոնյան ակումբ» հասարակական կազմակերպության կողմից՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Կրակովի քաղաքային խորհրդի ղեկավար Բոգուսլավ Կոշմինդերի և Միջազգային հարաբերությունների և քաղաքական հետազոտությունների ֆակուլտետի դեկան Զդիսլավ Մախի հովանու ներքո:
Համաժողովի շրջանակներում ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությանը, հայ-լեհական մշակութային ընդհանրություններին ու դրանց վրա հիմնված միջմշակութային երկխոսությանը և փոխգործակցությանը: Դեսպան Ղազարյանը հատուկ անդրադարձ կատարեց նաև Լեհաստանի բազմադարյա հայ համայնքին` ընդգծելով երկրի պատմության, այդ թվում՝ մշակույթի զարգացման գործում հայերի ունեցած դերակատարումը: