ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Օդեսայում

12 հոկտեմբերի, 2016

Օդեսայի հայկական մշակույթի տան հանդիսությունների դահլիճում ՀՀ հյուպատոսության անունից կազմակերպվեց համերգ` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, որի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվեցին ազգային ազգագրական երգի ու պարի կատարումներ:

Միջոցառմանն ողջունի խոսքով հանդես եկավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը և ներկայացրեց հայոց պետականակերտման պատմությունը, անցած 25 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում ՀՀ ձեռքբերումներն ու նվաճումները: Այնուհետև կարևորեց հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ կատարվեց նաև Ուկրաինայում տարբեր բնագավառներում հայերի ունեցած կարևոր դերին` ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում:

Միջոցառումներին ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Օդեսայում Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, Օդեսայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հայ համայնքի անդամներ, հոգևոր առաջնորդներ, մշակութային գործիչներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով շնորհակալական ուղերձ է հղել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, ով նաև իր խորին շնորհակալությունն է հայտնել տեղի հայությանը՝ Ուկրաինային սատարելու համար:

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովն իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ բարեկամական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդարձակվեն՝ ի շահ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների:

 

Տպել էջը