Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի հետ
25 սեպտեմբերի, 2016Սեպտեմբերի 25-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամ Հոսեյն Շաֆեիի հետ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-իրանական միջպետական բարձր մակարդակի հարաբերություններին և դրանց առևտրական բաղադրիչին: ՀՀ դեսպանն առանձնահատուկ կարևորեց բանկային, ապահովագրական, ՏՏ և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը, ներկայացրեց այդ ոլորտներում իրականացված բարեփոխումները և ստեղծված բարենպաստ պայմանները:
Պալատի նախագահ Շաֆեին հայտնեց իրանական կողմի պատրաստակամությունը զարգացնել հարաբերությունները, հատկապես, բանկային և ապահովագրության ոլորտներում, ինչն էականորեն կնպաստի երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանը:
Զրուցակիցներն անդրադարձան նաև մաքսային, հարկային և առևտրային ռեժիմներին առնչվող մի շարք խնդիրների:
Շաֆեին կարևորեց ՀՀ-ի դերը ԵԱՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացման գործում:
ՀՀ դեսպանը ներկայացրեց հոկտեմբերի 5-ից 8-ը Թեհրանում կայանալիք «Հայաստան էքսպո» ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Այս համատեքստում Իրանի առևտրի պալատի նախագահը առանձնահատուկ կարևորեց Թեհրանում առաջին անգամ հայկական ապրանքներին և ծառայություններին նվիրված նման խոշոր ցուցահանդեսի անցկացման փաստը՝ միաժամանակ հայտնելով պալատի լիակատար աջակցությունը ցուցահանդեսի մասին տեղեկատվությունը իրանական գործարար հանրությանը հասցնելու գործում:
Դեսպան Թումանյանը հրավիրեց պալատի նախագահ Շաֆեին այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու ՀՀ տնտեսության հնարավորություններին և գործարար միջավայրի առանձնահատկություններին, որը սիրով ընդունեց վերջինիս կողմից: