ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Մոնրեալում և Տորոնտոյում
25 սեպտեմբերի, 2016Սեպտեմբերի 24-ին և 25-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում կայացան ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք իրականացվեցին հայ համայնքային կառույցների համատեղ կազմակերպմամբ: Միջոցառումներին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր հայրեր և բազմաթիվ կանադահայեր:
Իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձ կատարեց անկախության 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին` առանձնահատուկ կարևորելով նաև Սփյուռքի և, մասնավորապես, կանադահայության ներդրումը Հայաստանի Հանրապետության զարգացման գործում: Դեսպանն ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում մշտապես զգացել են Սփյուռքի ներկայությունն ու աջակցությունը, ինչի վառ վկայությունն է կանադահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությունն սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած տոնակատարություններին: Արմեն Եգանյանը խոսեց նաև Կանադայի հայության մասին, որը ինտեգրվելով երկրի հասարակության մեջ, իր ուրույն ներդրումը ունեցավ այդ պետության զարգացման գործում` Կանադային տալով այնպիսի անվանի անուններ, ինչպիսիք են՝ Յուսուֆ Քարշը, Իզաբել Բայրաքդարյանը, Փիթեր Ունջյանը և այլոք:
Միջոցառումների ընթացքում հայկական երաժշտության, երգի ու պարի կատարումներով հանդես եկան կանադահայ հայտնի երաժիշտներ և պարախմբեր: