ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում
21 սեպտեմբերի, 2016Սեպտեմբերի 17–ին Միացյալ Թագավորությունում տրվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը։
Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայկական համայնքային խորհուրդը` ՀՀ դեսպանության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո։ Միջոցառմանը ներկա էին ՄԹ խորհրդարանի, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ։
Միջոցառման մասնակիցներին իրենց ողջույնի խոսքը հղեցին ՄԹ–ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը, թեմի առաջնորդ Հովակիմ Մանուկյանը, Համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը։
Արմեն Լիլոյանն իր խոսքում անդրադարձավ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի անցած ճանապարհին և ապագայի տեսլականին:
Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան Հայաստանից հրավիրված «Ալմա քառյակը» և երգչուհի Անահիտ Սահակյանը։
Տոնական միջոցառումները շարունակվեցին սեպտեմբերի 21–ին` Լոնդոնի հայաշատ Իլինգ շրջանի թաղապետարանի սրահում, որտեղ տարբեր կատարումներով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը, «Բատիկյան լարային քառյակը», «Կոմիտաս» երգչախումբը, «Ախթամար» պարային համույթը, դաշնակահարուհի Քրիստինա Առաքելյանը, մեցո սոպրանո Անաիս Հեղոյանն ու տենոր Սիփան Օլան։
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր Թեքեյան հիմնադրամի և Թեքեյան մշակութային միության կողմից` ՀՀ դեսպանության և եկեղեցական թեմի հովանու ներքո, ներկա էին ՄԹ խորհրդարանի, Լոնդոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հայ համայնքի անդամներ։
Ելույթներով հանդես եկան ՄԹ–ում ՀՀ դեսպանության դեսպանորդը, ՄԵծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդը, Թեքեյան հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը։ Ներկայացվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը։