ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

21 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Ստրասբուրգում` Եվրոպայի Խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության անունից կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին՝ դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ պետականության վերականգնման խորհրդին և քառորդ դարի ընթացքում պետության անցած ուղուն: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ այդ ուղին բնորոշվել է շարունակական բարեփոխումներով, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմամբ` ի նպաստ բաց և կենսունակ հասարակության կայացմանը:

Դեսպան Հովհաննիսյանի խոսքով՝ ընթացիկ տարին հիշարժան է նաև Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակով: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակել առավելագույնս օգտվել Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունից` միաժամանակ գործուն ներդրում ունենալով կազմակերպության դերակատարության հետագա բարձրացման գործում:

Ընդունելությունն ուղեկցվեց Ստրասբուրգի կամերային «Voix de Strass» երգչախմբի և մենակատար Գայանե Մովսիսյանի կատարումներով: Հյուրերին ներկայացվեցին հայ երգարվեստի գանձարանի հատընտիր գործեր` մեսրոպյան շարականներ, հայ միջնադարյան հոգևոր երաժշտություն և կոմիտասյան մշակումներ:

Միջոցառմանը մասնակցեցին Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը