ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Կանադայում ՀՀ դեսպանությունում

21 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 21-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ տոնական միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նորընտիր նախագահ Արնոլդ Չանը, բարեկամության խմբի այլ անդամներ, ԱԳՆ Եվրոպայի և Եվրասիայի վարչության նորանշանակ գլխավոր տնօրեն Լի Սարտին, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձ կատարեց անկախության 25 տարիների ընթացքում ՀՀ անցած ճանապարհին և արձանագրած ձեռքբերումներին, հայ-կանադական հարաբերությունների դինամիկ զարգացմանը, որի վկայությունն էր ընդամենը երկու օր առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ստեֆան Դիոնի հանդիպումը: Դեսպան Եգանյանն բարձր գնահատեց տարիներ շարունակ Կանադային հայկական համայնքի ունեցած դերն անկախ Հայաստանի զարգացման և հայ-կանադական հարաբերությունների առաջխաղացման գործում:

Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան և անկախության 25-ամյակի առթիվ հայ ժողովրդին շնորհավորեցին Արնոլդ Չանը և Լի Սարտին:

Միջոցառումից հետո դեսպան Եգանյանը Կանադայում կայանալիք ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների վերաբերյալ հարցազրույց տվեց Օտտավայի հայկական հեռուսածրագրին:

Տպել էջը