Համաձայնագրի ստորագրում ՀՀ Կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև

07 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 7-ին Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գրասենյակում տեղի ունեցավ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման համար մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների իրականացման մասին ՀՀ Կառավարության և հանձնաժողովի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Համաձայնագիրը ստորագրեցին Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Լասինա Զերբոն:

Համաձայնագիրը նպաստելու է ՀՀ և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ միջազգային դիտարկումների իրականացման շրջանակներում: Այն ներառում է Գառնիում տեղակայված դիտարկման կայանի գործունեությունը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի կառավարմանը, պահեստամասերի և սարքավորումների դյուրացված ներկրմանը, ինչպես նաև կայանի ֆիզիկական անվտանգությանն առնչվող խնդիրների կարգավորումը: Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել սեյսմիկ իրավիճակի դիտարկում, ինչպես նաև կիրառելի է գիտական և քաղաքացիական այլ նպատակների իրականացման համար:

Ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Դեսպան Կիրակոսյանը, մասնավորապես, կարևորեց Գառնիում տեղակայված դիտարկման կայանին ցուցաբերվող մշտական աջակցությունը, որն արտահայտվում է ինչպես համապատասխան արդիական սարքավորումների տրամադրմամբ, այնպես էլ՝ փորձագիտական և խորհրդատվական աջակցությամբ:

Տպել էջը