Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշանակ եպիսկոպոսի հետ
24 օգոստոսի, 2016Օգոստոսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշակ առաջնորդ, Լիբանանում Ֆրանցիսկյան միաբանության մեծավոր Սեզար եպիսկոպոս Եսայանի հետ:
Դեսպան Մկրտչյանը Սեզար Եսայանին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և Գերապայծառ Եսայանին մաղթեց բեղուն գործունեություն իր առաքելության ընթացքում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, քրիստոնեական համայնքների պաշտպանության և նրանց աջակցության ցուցաբերման խնդիրների շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Հայաստան` Առաջին քրիստոնյա երկիր, ուխտագնացության կարևորությանը և վերջինիս կողմից հղած ուղերձին:
Տեղեկանք. 2016թ. օգոստոսի 2-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հոգեշնորհ Հորը նշանակել է Լիբանանի Ֆրանցիսկյան Հայրերի մեծավոր և շնորհել եպիսկոպոսական տիտղոս: Օգոստոսի 8-ին ձեռնադրվել է Մարեոտսի թեմի եպիսկոպոս (Եգպիտոս, Ալեքսանդրիայի պատրիարքության ներքո գործող հին եպիսկոպոսական փոխառաջնորդություն, որը վավերագրերում հիշատակվում է 335-337թթ.-ից): Գերապայծառ Հայրը իր այս նոր պաշտոնում փոխարինել է լիբանանցի Փոլ արքեպիսկոպոս Դահդահին: