Հայկական սփյուռքի արվեստին նվիրված միջազգային գիտաժողով Լեհաստանի Գդանսկ քաղաքում
16 հունիսի, 2016Հունիսի 16-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի Ազգային թանգարանում մեկնարկեց «Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի և Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի կողմից:
Գիտաժողովի բացման արարողությանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Գդանսկի Ազգային թանգարանի տնօրեն Վոյչեխ Բոնիսլավսկին, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Յեժի Մալինովսկին, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Վալդեմար Դելուգան:
Իր ողջունի խոսքում դեսպան Ղազարյանը ընդգծեց Լեհաստանի կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, այդ թվում մշակութային ժառանգության հարստացման առումով:
Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես եկան Հայաստանի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Հունգարիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի և այլ երկրների համալսարանների գիտնականներ, որոնք անդրադարձան տարբեր երկրներում և ժամանակաշրջաններում հայերի կողմից ստեղծված մշակութային ժառանգությանը: