Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

03 հունիսի, 2016

Հունիսի 3-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Բուլղարիայի Ժողովրդական ժողովում հանդիպում ունեցավ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը, շնորհավորելով ՀՀ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, կարևորեց պատգամավորական խմբի և ԲՀ-ում ՀՀ դեսպանության միջև հաստատված աշխատանքային հարաբերությունները` հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա այդ համագործակցության խորացման և զարգացման գործում:

Աթանաս Զաֆիրովը գոհունակությամբ արձանագրեց պատգամավորական խմբին կազմի ընդլայնման փաստը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և տուրիզմի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները ընդգծեցին խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` այդ համատեքստում կարևորելով փոխադարձ այցելությունների կազմակերպումը, այդ թվում նաև պատգամավորական խմբերի մակարդակով:

Տպել էջը