Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի հաղորդակցության և ՏՏ նախարարի հետ

22 մայիսի, 2016

Մայիսի 22-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Յասեր Ալ-Կադիի հետ։

ՀՀ դեսպանը եգիպտացի նախարարին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժը և վերջին տարիների ընթացքում արձանագրած նշանակալից ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այդ ուղղության զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային ոլորտում իրականացված բարեփոխումներին և հնարավորություններին։

Նախարար Ալ-Կադին իր հերթին խոսել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված Եգիպտոսի առաջնահերթ ծրագրերի մասին, պատրաստակամություն հայտնել համատեղ ուսումնասիրելու այդ ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները։

Այդ առումով երկուստեք կարևորվել են մասնագիտացված ընկերությունների և գործարար շրջանակների ուղղակի շփումներն ու փոխայցելությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան ձևաչափերի ստեղծմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու առնչությամբ։
 

Տպել էջը