Խաչքարի օրհնության արարողություն Ղազախստանի Ատիրաու քաղաքում
14 մայիսի, 2016Մայիսի 14-ին Ղազախստանի Ատիրաու քաղաքում տեղի ունեցավ Աստվածամոր հայտնության տաճարի բակում տեղադրված խաչքարի օրհնության արարողություն՝ ռուս ուղղափառ եկեղեցու Ուրալի և Ակտյուբինսկի թեմի արքեպիսկոպոս Անտոնիի կողմից: Արարողությանը ներկա էին մեծաթիվ հայ և տեղացի քաղաքացիներ, մարզի իշխանության ռուսական, վրացական, թաթարական, չեչեն-ինգուշական, կորեական համայնքների ղեկավարները, ինչպես նաև Ակտաուի, Ակտոբեի, Օրալի, Ուրալսկի հայկական մշակութային կենտրոնների նախագահները:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու առաջնորդ Տեր Մարկոս Սարգսյանը, Ատիրաուի «Տավրոս» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Գագիկ Պլուզյանը:
Միջոցառմանը հետևած մշակութային ծրագրում ներկայացվեցին հայկական, ռուսական, վրացական, չեչեն-ինգուշական համայնքների պարախմբերի, երգչախմբերի կատարումներ:
Նույն օրը դեսպան Արա Սահակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի ակիմ Նուռլան Նոգաևի հետ: Դեսպանն ընդգծեց տարբեր ոլորտներում հայ-ղազախական ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ գործարար կապերի աշխուժացմանն ուղղված նախաձեռնություններին: