Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում Լիբանանում

10 մայիսի, 2016

Մայիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը` ՀԲԸՄ և Մարդու իրավունքների ասոցիացիա հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը. Օսմանյան գործելաոճից մինչև ժամանակակից դրսևորումները» խորագրով կլոր սեղան քննարկում:

Քննարկման հիմնական բանախոսներն էին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, Լիբանանի խորհրդարանի անդամ Ղսան Մխայբերը, Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Ռեյնա Սարկիսը և Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Կատյա Պելտեկյանը:

Մասնակիցների թվում էին և մեկնաբանություններով հանդես են եկել Լիբանանի էներգիայի նախարար Արթուր Նազարյանը, խորհրդարանի անդամներ Ժան Հովասափյանը և Շանթ Չինչինյանը, Հայկազյան համալսարանի պրոֆեսոր Անդրանիկ Դաքեսյանը: Քննարկումը վարել է Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:

Բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության՝ որպես համամարդկային ողբերգության, ճանաչմանը և պատասխանատվությանը, նրա քաղաքական, հասարակական հետևանքների խնդիրներին առնչվող հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել Թուրքիայի ժխտողական քաղաքականության տարբեր դրսևորումներին և դրանց հակազդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ներառյալ՝ առավել համընդգրկուն կրթական ծրագրերի իրականացման և հանրային տեղեկացվածության բարձրացման միջոցով: Մարդու իրավունքների զանգվածային կոպտագույն խախտման տեսանկյունից ընդգծվել է արդարության վերականգնման կարևորությունը:

Ցեղասպանության հանցագործության անպատժելիության վտանգավորության տեսանկյունից զուգահեռներ են անցկացվել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող ներկայիս և 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարասկզբի քաղաքականությունների միջև:

Մասնակիցներին ներկայացվել են ցեղասպանության հանցագործության կանխման ուղղությամբ Հայաստանի միջազգային նախաձեռնությունները:

Տպել էջը