Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագիրը հանձնեց Բուլղարիայի նախագահին

10 մայիսի, 2016

Մայիսի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագիրը հանձնեց ԲՀ Նախագահ Ռոսեն Պլևնելիևին:

Հանդիսավոր արարողությունից հետո Բուլղարիայի նախագահի և դեսպան Սարգսյանի միջև տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում Նախագահ Պլևնելիևը կարևորեց երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Միաժամանակ նա նշեց, որ երկու կողմերն էլ առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու դեռևս մեծ ներուժ ունեն: Բուլղարիայի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր ուժերն ու փորձը կծառայեցնի երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ու լայնացնելու գործին:

Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գործադրել հնարավոր բոլոր ջանքերը հայ-բուլղարական հարաբերությունների նոր թափ հաղորդելու համար:

Քննարկվեցին առաջիկայում բարձր մակարդակի երկկողմ այցեր կազմակերպելու հեռանկարները:

ՀՀ դեսպանը Բուլղարիայի նախագահին համառոտ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձավ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին Նախագահ Պլևնելիևը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին` խոստանալով իր աշխատակազմի և ԲՀ ԱԳՆ ամենայն աջակցությունը նրա առաքելության ընթացքում:
 

Տպել էջը