Լիտվայում ՀՀ դեսպան Այվազյանի հանդիպումները առաքելության ավարտի կապակցությամբ

02 մայիսի, 2016

Մայիսի 2-ին առաքելության ավարտի կապակցությամբ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն։

Նախագահ Գրիբաուսկայտեն բարձր է գնահատել դեսպանության հիմնադրման օրվանից ի վեր երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության շարունակականությունը։

Լիտվայի ղեկավարը մաղթել է Հայաստանին ու հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում։

Նույն օրը Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը հատկապես կարևորել են տնտեսական բաղադրիչի դերը և անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված շոշափելի առևտրատնտեսական փոխանակումների աճին։

Այդ համատեքստում անդրադարձ է եղել իրականացված 3 գործարար համաժողովներին, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը և ընդգծվել է դրանց շարունակականության կարևորությունը։

Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ։

Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Նախարար Լինկյավիչյուսը բարձր է գնահատել այդ ուղղությամբ դեսպանության կողմից գործադրված ջանքերի արդյունքում ձևավորված երկկողմ հագեցած օրակարգը։

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում Դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները։

Տպել էջը