Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

24 ապրիլի, 2016

Ապրիլի 24-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հանդիսապետությամբ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Այնուհետև, Նահատակաց մատուռի մոտ ներկաները Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ մասնակցեցին Սրբոց Նահատակաց բարեխոսական հատուկ կարգին, որի ավարտին մասնակիցներին իր պատգամն ուղղեց Վեհափառ Հայրապետը:

Ապրիլի 24-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ճեմարանի բակում Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ Եկեղեցու Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: ՀԿՄ-ի շեփորախմբի առաջնորդությամբ ներկաները ուղղվեցին դեպի Հայ Կաթողիկէ պատրիարքարան, որի բակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի շուրջ տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպանության, պատրիարքարանի և հայ կաթողիկէ կառույցների կողմից ծաղկեպսակների զետեղում:

Ապրիլի 24-ի երեկոյան Բեյրութի Նահատակաց հրապարակում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի համաժողովրդական ոգեկոչման պաշտոնական ձեռնարկը:

Բազմահազարանոց միջոցառմանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոգեկոչման միջոցառումներին ներկա էին ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանի խորհրդարանի նախագահի և վարչապետի ներկայացուցիչները, կառավարության անդամներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, օտարերկրյա դեսպաններ:

Ապրիլի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ, «Octopusteam» ջրասուզակների ակումբը յուրահատուկ ակցիայով հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախում նահատակված հայորդիների հիշատակը: Ակումբի անդամները ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ զետեղեցին նախորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Միջերկրական ծովում տեղադրված խաչի առջև և պաստառ փակցրեցին խաչի վրա՝ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների և Արցախի նորօրյա հերոսների հիշատակը հավերժացնող գրությամբ:

Ապրիլի 23-ին հայ կաթողիկե Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից պարտեզում Բուրջ Համուդի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և երեք հայ եկեղեցական կառույցների ղեկավարների հովանավորությամբ, Սարգիս և Ժյուլի Պուտաքյանների բարերարությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Հայ Կաթողիկէ համայնքի Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և հայ ավետարանական համայնքի ներկայացուցիչ պատվելի Սևակ Թրաշյանը, Բուրջ Համուդի քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը, հոգևոր հայրեր, ազգային կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Ելույթ ունեցան Բուրջ Համուդի փոխքաղաքապետ Ջորջ Գրիգորյանը, բարերար Սարգիս Պուտաքյանը:

Ապրիլի 22-ին «Լիբանանյան ուժեր» կուսակցության Մեհրապի կենտրոնում կուսակցության նախագահ Սամիր Ժահժայի գլխավորությամբ տեղի ունեցավ «Կյանքի, մահվան և չմեռնող իրավունքի պատմություն» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, լիբանանահայ կուսակցական, ազգային և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, լիբանանահայ արվեստագետներ և լրագրողներ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Լիբանանյան ուժեր» կուսակցության ղեկավարության անդամ դոկտոր Ռիշար Գույումճյանը, Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յագուպյանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի փոխներկայացուցիչ Ավետիս Կիտանյանը, ՌԱԿ ներկայացուցիչ Սևակ Հակոբյանը և այլոք: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լիբանանյան ուժեր կուսակցության նախագահ Սամիր Ժահժան:

Տպել էջը