Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

24 ապրիլի, 2016

Ապրիլի 23-24-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 23-ին Բեռլինի կենտրոնում` Սուրբ Հեդվիգի տաճարի բակում, Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ձեռամբ օծվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում նշեց, որ հուշարձանը, վեր խոյանալով Գերմանիայի պատմության թանգարանի առջև, հնարավորություն կտա հատկապես երիտասարդ սերնդին առճակատվելու Օսմանյան կայսրության պատմության այս հատվածի հետ, որը համընդհանուր եվրոպական հիշողության մի մասն է:

Միջոցառմանը ներկա էին Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Փաուն, Դաշնային և երկրամասային խորհրդարանների անդամներ, ԳԴՀ կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Բեռլինում՝ Գերմանիայի պատմության թանգարանում, կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կողմից՝ Բեռլինի հայկական համայնքների աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, հրեա, ասորի համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառմը բացման խոսքով հանդես եկան դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԿԽ վարչության նախագահ Ժակլին Խաչատուրյանը։ Այնուհետև ելույթներով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Բրանդը և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, ԳԴՀ «Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը։

Բեռլինի պետական օպերայի հանրահայտ սոպրանո Նարինե Յեղիյանը, դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը և սաքսոֆոնիստ Հայրապետ Առաքելյանը ներկաների համար կատարեցին Շտրաուսի, Մարչելլոյի, Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Երեկոն ավարտվեց ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի և ԳԴՀ-ում Վատիկանի նունցիուս արքեպիսկոպոս Նիկոլա Էտերովիչի կողմից տերունական աղոթքով` ի հիշատակ Օսմանյան կայսրությունում նահատակված հայերի:

Տպել էջը