Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներ Արգենտինայում

24 ապրիլի, 2016

Ապրիլի 23-ին Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքի Արտուրո Ֆրոնդիզի սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխո Մակրին, Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորներ և սենատորներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում հնչեցին Արգենտինայի, Հայաստանի և Արցախի օրհներգերը, Արգենտինայում գործող վեց հայկական դպրոցների սաների մասնակցությամբ դահլիճում իրականացվեց երեք հանրապետությունների դրոշների շքերթ:

Միջոցառման հանդիսավարների կողմից ներկաներին հանգամանալից ներկայացվեց ապրիլի 1-4-ը Ադրբեջանի կողմից Արցախի հյուսիսային և հարավային սահմանների վրա կատարած լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները: Հատկապես մանրամասնորեն ներկայացվեց Թալիշ գյուղի վրա կատարված հարձակումների հետևանքով առկա ավերածությունները և գյուղում առաջացած խնդիրները: Այս կապակցությամբ արգենտինահայ համայնքային կառույցների կողմից որոշում է կայացվել օժանդակություն տրամադրել Թալիշ գյուղի վերականգնման ր բնակչությանը օժանդակելու համար:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էին հղել Արգենտինյան Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրին և փոխնախագահ Գաբրիելա Միկետին: Նախագահ Մաուրիսիո Մակրիի ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Միայն հարգանքը բարձրագույն արժեքների ու սկզբունքների նկատմամբ կհանգեցնի խաղաղության և հաշտեցման»:

Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն իր ելույթում կարևորեց Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և դատապարտեց այլ էթնիկ խմբի պատկանելության պատճառով հետապնդումները: «Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր, և երկար ժամանակ փորձ է արվել թաքցնել այն: Արգենտինայում տարիներ առաջ մենք կարևոր քայլ կատարեցինք` ապրիլի 24-ը ճանաչելով որպես ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:

Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Արգենտինայի ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրենց հանձնառության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մեկ տարի շարունակ բարձր մակարդակով անցկացնելու համար: Դեսպանն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց ծագումով արգենտինացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրված Սուրբ պատարագի և իր ելույթի համար: «Նա ոչ միայն խիզախորեն ձևակերպեց մեր ցավը, այլև ձևակերպեց մեր կամքը և հավատը` Գրիգոր Նարեկացուն հռչակելով իբրև Տիեզերական Վարդապետ: »: Անդրադառնալով ապրիլի 1-2-ը Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ ՀՀ դեսպանը նշեց. «Թուրքերի կողմից ոգեշնչված Ադրբեջանի արյունոտ և կոռումպացված բռնապետ Ալիևը նորից հրթիռակոծում է հայկական դպրոցը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, նորից հրետանակոծում է խաղաղ բնակիչներին, սպանում է ծերերին, կտրում ականջները, Իսլամական պետության ձեռագրով կտրում 18-20 տարեկան զինվորների գլուխը և հպարտանում դրանով։ Բայց ես ուզում եմ հայտարարել ոչ ոք չի կարող նորից ցեղասպանության ենթարկել իմ ժողովրդին»:

Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մակրին իր ելույթում բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի գործունեությունը՝ շնորհակալություն հայտնեց արգենտինահայերին Արգենտինան կերտելու և զարգացնելու համար: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին՝ նա նշեց,որ ինքը կողմնակից է խնդիրը խաղաղ և արդար կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արգենտինայի Ազգային կոնգրեսի հայազգի սենատոր Միրիամ Բոյաջյանը, ով իր խոսքում անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության և խնդիրները խաղաղությամբ կարգավորելու Արգենտինայի և Լատիանական Ամերիկայի երկրների հանձնառությանը՝ նշեց, որ ղարաբաղյան հակամարտության գործում նույնպես պետք է ապավինել միայն երկխոսության և խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման սկզբունքներին:

Բուենոս Այրեսի հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում ապրիլի 24-ին տեղի ունեցավ պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում՝ եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի ֆուտբոլի առաջնության սուպերկլասիկոյի Բոկա-Ռիվեր ֆուտբոլի խաղի ընթացքում մարզադաշտ են դուրս բերվել Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներ:
 

Տպել էջը