Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողություններ Արաբական Միացյալ Էմիրություններում

22 ապրիլի, 2016

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ:

Ապրիլի 22-ին Աբու Դաբիի Ս.Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի նախագահությամբ մատուցվեց ապրիլյան սուրբերին նվիրված ժամերգություն, որին հետևեցին Աբու Դաբիի Արա Խանոյան կիրակնօրյա վարժարանի աշակերտների և ազգային վարչության երգչախմբի ելույթները:

Հրավիրյալ բանախոսն էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տեղեկատվական և միջեկեղեցական գրասենյակի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, ով ներկայացրեց «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը և Կիլիկիոյ Սիսի դատը»:

ԱՄԷ և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի ամփոփիչ խոսքին հետևեց մոմավառություն Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակին նվիրված խաչքար – հուշարձանի առջև:

Ապրիլյան սուրբերին նվիրված ժամերգություն մատուցվեց նաև ապրիլի 23-ին Շարժայի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ նախագահությամբ ԱՄԷ և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի:

Դասախոսությամբ հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տեղեկատվական և միջեկեղեցական գրասենյակի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:

Օրվա խորհրդի վերաբերյալ ուղերձում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, մասնավորապես, անդրադարձավ ապրիլ ամսվա սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողություններին, միասնական հայ ժողովրդին և նրա մարտիրոս որդիներին:

Ոգեկոչման արարողություններին ներկա էին դիվանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Տպել էջը