Դեսպան Սեյրանյանի այցը Սլովակիայի Հանրապետություն

20 ապրիլի, 2016

Ապրիլի 20-ին Չեխիայի և Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա) այցելեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ հանդիպումներ ունեցավ Ազգային խորհրդում, Արտաքին և Եվրոպական գործերի, էկոնոմիկայի նախարարություններում։

Հայաստանի դեսպանը երկրորդ, իսկ ոչ-ռեզիդենտ դեսպաններից առաջինն էր, որ արժանացավ Սլովակիայի խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Անդրեյ Դանկոյի ընդունելությանը։ Նշենք, որ պարոն Դանկոն, որպես արտախորհրդարանական կուսակցության ղեկավար, 2015 թվականին այցելել էր Հայաստան և մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել պարոն Դանկոյին 2004 թվականին երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու, իսկ 2009 և 2011թթ. Սլովակիայի Քրեական օրենսգիրքը ցեղասպանությունների մերժումը քրեականացնող հոդվածներով համալրելու համար։

Սլովակ խորհրդարանականը հավաստիացրեց, որ ապագայում ևս իր երկիրը շարունակելու է սկզբունքային մոտեցումը ցեղասպանությունների դատապարտման հարցում։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ։ Երկուստեք նշվել է, որ նոր լիցք պետք է հաղորդել երկկողմ քաղաքական, առևտրա-տնտեսական և միջխորհրդարանական կապերին։ Սլովակիայի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ պետք է լիարժեքորեն օգտագործել երկու ժողովուրդների ներուժն՝ ավելի ակտիվացնելու Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությունը՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող պատմական, կրոնական ու մշակութային արժեքների լայն շրջանակի վրա։

Հայաստանի դեսպանը ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների, խաղաղ բնակչության և հայ զինվորականների դեմ կատարած վայրագությունների վերաբերյալ տեղեկություններ։ Քննարկվել է Մերձավոր և Միջին Արևելքում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած փախստականների խնդիրը, Եվրոպայի՝ փախստականների և միգրանտների ճգնաժամը։

Պարոն Դանկոն ներկայացրել է Եվրոպական Միությունում Սլովակիայի նախագահության նախապատրաստական աշխատանքները։

Դեսպան Սեյրանյանը հանդիպում է ունեցել նաև Սլովակիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի կոմիտեի նախագահ Լուբոշ Բլահայի, պատգամավորներ Օլգա Նախտմաննովայի և Պավոլ Գոգայի հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ընդգծվել է միջխորհրդարանական կապերին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը։

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման և միջկառավարական համատեղ հանձնաժողով ձևավորելու հարցեր։

Նույն օրը Հայաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Բրատիսլավայի հայկական խաչքարի մոտ։
 

Տպել էջը