Դեսպան Թումանյանի հանդիպումը «Փարդիս» տեխնոլոգիական պարկի նախագահի հետ
13 ապրիլի, 2016Ապրիլի 13-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալությանը կից «Փարդիս» տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպում ունեցավ պարկի նախագահ Մեհդի Սաֆարինիայի հետ:
Մեհդի Սաֆարինիան ներկայացրեց տեխնոլոգիական պարկի գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց ընդունել համապատասխան հայ մասնագետների` առկա հնարավորություններին տեղում ծանոթանալու և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:
Դեսպան Թումանյանը ներկայացրեց իրանական կողմի հետ համագործակցության հնարավորությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային սարքերի արտադրության, ինժեներական ծառայությունների, դեղագործության, ռադիոիզոտոպերի արտադրության և մի շարք այլ ոլորտներում:
Քննարկվեցին նաև երկու երկրների մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Տեղեկանք. «Փարդիս» տեխնոլոգիական պարկի տարածքում է գտնվում նաև հայ աստղաֆիզիկոս, խոշոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին: