Պրոֆեսոր Յասմինե Դում-Թրագութի դասախոսությունը Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում
21 մարտի, 2016Մարտի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրության կենտրոնի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր պրոֆեսոր Յասմինե Դում-Թրագութի դասախոսությունը, որը նվիրված էր եվրոպական հայագիտության զարգացման հանգրվաններին, անցյալ, ներկա ու ապագա խնդիրներին, ինչպես նաև իր ղեկավարած ամբիոնի և կենտրոնի գործունեությանը և վերջին շրջանում իր կողմից կատարած հիշարժան բացահայտումներին:
Դասախոսությունը կազմակերպել էր Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ Ավստրիայի ՀԲԸՄ և երիտասարդ արհեստավարժների միության հետ համատեղ:
Դասախոսությանը ներկա էին Ավստրիայի ակադեմիական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, անդրադարձավ եվրոպական գիտական աշխարհում հայագիտության բնագավառի առջև դրված խնդիրներին և բարձր գնահատեց այն նվիրումը, որով դոկտոր Դում-Թրագութը վարում է Զալցբուրգի համալսարանում հայագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողների հոսքը, իրականացնում է տեսական և դաշտային ուսումնասիրություններ, սեփական ուժերով գումարներ հայթայթում այս կամ այն գիտակրթական նախագիծ կյանքի կոչելու համար: Նա նշեց, որ Զալցբուրգի կենտրոնը հաջողությամբ համագործակցում է Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի հետ:
Դոկտոր Դում-Թրագութի այս հայանվեր գործունեությունը գնահատելու համար դեսպան Կիրակոսյանը ավստրիահայ համայնքին կոչ արեց հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել Եվրոպայում հազվագյուտ գիտական այնպիսի ուղղությանը, ինչպիսինն է հայագիտությունը՝ ի դեմս դոկտոր Յասմինե Դում-Թրագութի և իր հայագիտական կենտրոնի: