Հայաստան - Հունաստան միջկառավարական հանձնաժողովի նիստ Աթենքում

04 մարտի, 2016

Մարտի 3-4-ը Աթենքում կայացավ հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 5-րդ նիստը: ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Նիստի օրակարգում ներառված էին առևտրատնտեսական համագործակցության, սեկտորալ՝ մասնավորապես, տրասպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և հարկային բնագավառներին առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաև Սևծովյան տնտեսական համագործակցության, զարգացման աջակցության և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում երկու երկրների միջև առկա գործընկերության հետագա խթանմանն ու զարգացման հեռանկարներին:

Հանձնաժողովի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում երկուստեք կարևորվեց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այդ թվում` գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը՝ միտված առևտրատնտեսական կապերի համապատասխանեցմանն առկա քաղաքական օրինակելի հարաբերություններին:

Աթենքում գտնվելու ընթացքում փոխնախարար Կարեն Նազարյանն առանձին հանդիպումներ ունեցավ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասի և նախարարի՝ տնտեսական համագործակցության հարցերով տեղակալ Դիմիտրիոս Մարդասի հետ:

Տպել էջը