Դեսպան Մարգարյանի հանդիպումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Բելգիայի հանձնախմբի անդամների հետ
30 հունվարի, 2016Հունվարի 30-ին Բելգիայում ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Բելգիայի հանձնախմբի անդամների հետ:
Հանդիպման նպատակն էր ամփոփել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման աշխատանքները: Ինչպես ՀՀ դեսպանը, այնպես էլ կոմիտեի անդամները գոհունակությամբ արձանագրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և, մասնավորապես, 100-րդ տարելիցը նշելու գործում համատեղ աշխատանքով ունեցած նշանակալի ներդրումը: Հատկապես ընդգծվեց Եվրոպական խորհրդարանի, Բելգիայի ներկայացուցիչների պալատի, Բելգիայի կառավարության, Լյուքսեմբուրգի խորհրդարանի և Ֆլանդրիայի համայնքային խորհրդարանի կողմից 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևերի և հայտարարությունների կարևորությունը: Կոմիտեն երախտիքի խոսք ուղղեց դեսպանությանն այս գործում և կենտրոնական միջոցառումների կազմակերպման հարցում ունեցած մեծ դերակատարության համար:
Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց նաև Բրյուսելում կազմակերպված հիշատակի հասարակական-քաղաքական, միջեկեղեցական, գիտական և մշակութային մեծամասշտաբ միջոցառումները, Բելգիայի տարբեր քաղաքներում ու շրջաններում անցկացված նմանօրինակ բազմաթիվ միջոցառումները, ինչպես նաև մամուլում և հեռուսատեսությունում բովանդակային ու ազդեցիկ հրապարակումներն ու հաղորդումները:
Հանդիպման ավարտին դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց հանձնախմբի անդամներին կատարած աշխատանքների համար, Բելգիայի համակարգող հանձնախմբին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագիրը, ինչպես նաև կոմիտեի առանձին ակտիվ անդամներին՝ ՀՀ Սփյուքի նախարարության պատվոգրերը: