Դեսպան Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի վարչապետի հետ

13 հունվարի, 2016

Հունվարի 13-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին ընդունեց երկրի վարչապետ Դաչիան Չոլոշը:

Զրույցի ընթացքում ռումին վարչապետին փոխանցելով Հայաստանի վարչապետի ողջույնները, դեսպան Գասպարյանը հայ-ռումինական օրակարգի հարցերի շարքում ներկայացրեց «Արարատից Կարպատներ. Հազարամյա պատմություն» ցուցահանդեսի հետ կապված հարցերը: Ցուցահանդեսի անցկացումը նախատեսված է ընթացիկ տարում և այն պատմելու է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության մասին:

Վարչապետը, բարձր գնահատելով միջնադարից մինչև այսօր ռումինահայ համայնքի դերը ռումինական կյանքի բոլոր ոլորտներում, կարևորեց նման մշակութային միջոցառումների անցկացումը հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երիտասարդ սերնդի դաստիարակության գործում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը ցուցահանդեսի պատշաճ անցկացման ուղղությամբ:

Վարչապետ Դաչիան Չոլոշը Ռումինիայի լիակատար աջակցությունը հայտնեց Հայաստանին նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ այլ ծրագրերում:

Տպել էջը